Ա Կորնթացիներին 15:50-58

Ա Կորնթացիներին 15:50-58 ՆՎԱԱ

Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու». հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։ Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց ։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը »։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում