Ա Կորնթացիներին 15:35-58

Ա Կորնթացիներին 15:35-58 ՆՎԱԱ

Բայց մեկը կասի. «Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու»։ Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։ Եվ ինչ որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն ես սերմանում, որ բուսնելու է, այլ մերկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը։ Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ, թռչուններինը՝ ուրիշ։ Կան նաև երկնային մարմիններ, երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը և ուրիշ է երկրայիններինը։ Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։ Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։ Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։ Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։ Այդպես էլ գրված է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ Բայց նախ հոգևորը չեղավ, այլ շնչավորը, հետո՝ հոգևորը։ Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։ Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։ Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու». հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։ Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց ։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը »։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։