Ա Կորնթացիներին 15:12-34

Ա Կորնթացիներին 15:12-34 ՆՎԱԱ

Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։ Որովհետև Քրիստոսը պետք է թագավորի, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի ։ Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է, որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ ։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։ Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։ Այլապես մեռելների համար մկրտվողներն ի՞նչ կանեն, եթե մեռելներն իրոք հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում։ Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։ Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ. ես ամեն օր մեռնում եմ։ Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք ։ Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։