Ա Կորնթացիներին 15:1-20

Ա Կորնթացիներին 15:1-20 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք, որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն, որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։ Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։ Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։ Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։ Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։ Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։ Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում