Ա Կորնթացիներին 14:26-40

Ա Կորնթացիներին 14:26-40 ՆՎԱԱ

Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։ Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։ Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։ Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։ Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Բոլորդ էլ կարող եք իրար հետևից մարգարեանալ, որպեսզի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։ Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։ Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։ Իսկ եթե մի բան ուզենան սովորել, թող տանն իրենց ամուսիններին հարցնեն, որովհետև եկեղեցում խոսելը կնոջը վայել չէ։ Աստծու խոսքը ձեզանի՞ց է դուրս ելել կամ միայն ձե՞զ է հասել։ Եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր անձ, թող իմանա, որ այն, ինչ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրանն է։ Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։ Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։ Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։