Ա Կորնթացիներին 14:2-14

Ա Կորնթացիներին 14:2-14 ՆՎԱԱ

Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։ Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։ Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։ Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։ Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։ Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։ Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։ Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։ Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։ Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։