Ա Կորնթացիներին 14:1-25

Ա Կորնթացիներին 14:1-25 ՆՎԱԱ

Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։ Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։ Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։ Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։ Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։ Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։ Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։ Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։ Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։ Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։ Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։ Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։ Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։ Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։ Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։ Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ չարություն անելի՛ս երեխա եղեք, իսկ մտքով կատարյա՛լ եղեք։ Օրենքում գրված է. «Օտար լեզուներով ու օտար շրթունքներով պիտի խոսեմ այս ժողովրդի հետ, բայց և այնպես ինձ ականջ չեն դնի» ,- ասում է Տերը։ Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։ Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։ Բայց եթե բոլորը մարգարեանան, ու մի անհավատ կամ անգետ գա մտնի, նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։ Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։