Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, շատ լինելով, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։ Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք։ Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէ կազմված, այլ բազում։ Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։ Բայց հիմա անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Ինձ պետք չես», կամ էլ գլուխը ոտքերին՝ «Ինձ պետք չեք»։ Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ Այն անդամներին, որ կարծում ենք՝ ավելի անարգ են, առավել պատիվ ենք տալիս և մեր ամոթույքն առավել պարկեշտությամբ ենք պահում, իսկ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Բայց Աստված մարմինը բարեխառնել է՝ ցածրին ավելի պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։ Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։
Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։ Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։ Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորը ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են, մի՞թե բոլորը բժշկելու շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։
Բայց դուք նախանձախնդիր եղեք լավագո՛ւյն շնորհներին, ես էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ ձեզ։