Ա Կորնթացիներին 10:1-33

Ա Կորնթացիներին 10:1-33 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին։ Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։ Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։ Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու» ։ Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։ Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։ Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։ Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք։ Ձեզ հետ որպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։ Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։ Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։ Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։ Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։ Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։ Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։ Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։ Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։ Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու, որովհետև երկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են ։ Եթե անհավատներից մեկը ձեզ կանչի, դուք էլ ցանկանաք գնալ, ամեն բան, ինչ որ ձեր առաջ դրվի, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու։ Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։ Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։ Եթե ես գոհությամբ եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն բանի համար, ինչի համար ես գոհանում եմ։ Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։ Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։ Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում՝ իմ օգուտը չփնտրելով, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։