Ա Կորնթացիներին 10:1-11

Ա Կորնթացիներին 10:1-11 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին։ Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։ Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։ Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու» ։ Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։ Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։ Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։ Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։