Ա Կորնթացիներին 1:18-31

Ա Կորնթացիներին 1:18-31 ՆՎԱԱ

Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորություն է։ Որովհետև գրված է. «Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ և խելացիների խելքը անտեսելու եմ» ։ Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում. մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար՝ հիմարություն։ Սակայն կանչված հրեաների և հույների համար Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է։ Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին, որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։ Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։ Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում