Ա Կորնթացիներին 1:1-31

Ա Կորնթացիներին 1:1-31 ՆՎԱԱ

Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչված, և Սոսթենես եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ՝ կոչված սրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը. շնորհ և խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև նրանով հարստացաք ամեն բանի մեջ՝ թե՛ խոսքով, թե՛ գիտությամբ։ Քրիստոսի մասին վկայությունն այնպես հաստատվեց ձեր մեջ, որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն սպասելով։ Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։ Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։ Որովհետև, եղբայրնե՛ր, Խլոյեի ընտանիքից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, թե ձեր մեջ հակառակություններ կան։ Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», կամ՝ «Ես՝ կեփասյան», կամ էլ՝ «Ես՝ քրիստոսյան»։ Մի՞թե Քրիստոսը բաժանված է. մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի՞ անունով մկրտվեցիք։ Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ ես ձեզանից ոչ մեկին չեմ մկրտել, բացի Կրիսպոսից ու Գայիոսից, որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։ Ստեփանասի ընտանիքին ևս մկրտեցի. չգիտեմ, թե ուրիշի էլ մկրտած լինեմ։ Որովհետև Քրիստոսն ինձ չի ուղարկել մկրտելու, այլ Ավետարանը քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։ Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորություն է։ Որովհետև գրված է. «Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ և խելացիների խելքը անտեսելու եմ» ։ Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում. մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար՝ հիմարություն։ Սակայն կանչված հրեաների և հույների համար Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է։ Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին, որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։ Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։ Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» ։