Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։ Նրանք պատերազմ մղեցին հագարացիների՝ հետուրացիների, նափեսացիների և նոդաբացիների դեմ և հաղթեցին նրանց։ Հագարացիներն ու բոլոր նրանք, որ նրանց հետ էին, մատնվեցին նրանց ձեռքը, որովհետև պատերազմի ժամանակ նրանք աղաղակեցին Աստծուն, և նա լսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։ Նրանք գերեվարեցին նրանց անասունները՝ հիսուն հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ և հարյուր հազար մարդ։ Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։
Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։ Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։
Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։ Եվ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագավորի հոգին, որ նույն ինքը Թագղաթ-Փաղասարն է, և նա գերի տարավ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին. նրանց տարավ Քաղա, Քաբոր, Հարա և Գոզան գետը, որտեղ մնում են մինչև այսօր։