Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։ Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը. որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։ Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։ Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։ Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։ Իմ որդի Սողոմոնին տո՛ւր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու կանոնները, որպեսզի կատարի այս բոլորը և կառուցի այն պալատը, որի նախապատրաստությունը ես արել եմ»։
Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։