Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1-9

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1-9 ՆՎԱԱ

Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։ Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։ Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար. երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու, ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։ Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղան ընծայելու։ Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։ Ում մոտ որ թանկարժեք քարեր էին գտնվում, տվեցին Տիրոջ տան գանձանակին՝ գերսոնացի Հեքիելի ձեռքը։ Ժողովուրդն ուրախացավ նրանց հոժարակամ ընծայելու համար, որովհետև բոլորանվեր սրտով ընծաներ տվեցին Տիրոջը։ Դավիթ թագավորն էլ մեծապես ուրախացավ։