Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1-22

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1-22 ՆՎԱԱ

Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։ Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։ Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար. երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու, ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։ Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղան ընծայելու։ Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։ Ում մոտ որ թանկարժեք քարեր էին գտնվում, տվեցին Տիրոջ տան գանձանակին՝ գերսոնացի Հեքիելի ձեռքը։ Ժողովուրդն ուրախացավ նրանց հոժարակամ ընծայելու համար, որովհետև բոլորանվեր սրտով ընծաներ տվեցին Տիրոջը։ Դավիթ թագավորն էլ մեծապես ուրախացավ։ Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։ Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը. որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։ Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։ Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։ Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։ Իմ որդի Սողոմոնին տո՛ւր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու կանոնները, որպեսզի կատարի այս բոլորը և կառուցի այն պալատը, որի նախապատրաստությունը ես արել եմ»։ Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։ Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։ Այդ օրը մեծ ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև և երկրորդ անգամ թագավոր հռչակեցին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան գլխավոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանա։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում