Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:11-19

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:11-19 ՆՎԱԱ

Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց սրահի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, նրա ներքին շտեմարանների ու քավության սենյակի հատակագիծը և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։ Նաև հրահանգ տվեց քահանաների և ղևտացիների դասերի, Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերի և Տիրոջ տան պաշտամունքի բոլոր անոթների մասին։ Նրան տվեց նաև յուրաքանչյուր ծառայության բոլոր ոսկե անոթների կշիռը, բոլոր արծաթե անոթների, բոլոր ծառայությունների անոթների կշիռն էլ, ոսկե աշտանակների ու դրանց ոսկե ճրագների կշիռը, յուրաքանչյուր աշտանակի ու դրա ոսկե ճրագի, նույնպես և արծաթե աշտանակների, աշտանակի ու դրա ճրագների կշիռը՝ ըստ յուրաքանչյուր աշտանակի գործածության։ Եվ առաջավորության հացի սեղանների՝ ոսկին կշռով յուրաքանչյուր սեղանի համար, և արծաթ կշռով՝ արծաթե սեղանների համար։ Եվ մաքուր ոսկյա մեծ պատառաքաղների, կոնքերի, բաժակների և ոսկե տաշտերի՝ յուրաքանչյուրի կշիռը, և խնկարկության սեղանի համար մաքուր ոսկի կշռով կշռաչափը և իրենց թևերը տարածող ու Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբեների կառքի պատկերը։ «Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերն իր ձեռքի գրով տվեց ինձ»,- ասաց Դավիթը։