Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1-21

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1-21 ՆՎԱԱ

Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։ Դավիթ թագավորը ոտքի կանգնեց և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ իմ եղբայրներ և իմ ժողովուրդ. ես իմ սրտում դրել էի հանգստյան մի տուն կառուցել Տիրոջ ուխտի տապանակի ու մեր Աստծու ոտքի պատվանդանի համար և պատրաստություն տեսա այն կառուցելու։ Բայց Աստված ինձ ասաց. “Դու իմ անվան համար տուն չպիտի կառուցես, որովհետև դու պատերազմող մարդ ես և արյուն ես թափել”։ Իսրայելի Տեր Աստվածն իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որպեսզի Իսրայելի վրա հավիտյան թագավոր լինեմ, քանզի նա Հուդայի ցեղին ընտրեց առաջնորդ և Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և իմ հոր որդիներից ի՛նձ հավանեց, որպեսզի թագավոր անի ինձ ամբողջ Իսրայելի վրա։ Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։ Նա ինձ ասաց. “Քո Սողոմոն որդին ինքն է կառուցելու իմ տունն ու իմ գավիթները, որովհետև ես նրան ընտրել եմ ինձ որդի և ես էլ նրան հայր եմ լինելու։ Ես հավիտյան կհաստատեմ նրա թագավորությունը, եթե նա հաստատ մնա ու կատարի, ինչպես այսօր, իմ պատվիրաններն ու իմ հրահանգները”։ Եվ հիմա ամբողջ Իսրայելի Տիրոջ հավաքված ժողովրդի աչքի առաջ և Աստծու ականջի առաջ ասում եմ. “Պահե՛ք և քննե՛ք ձեր Տեր Աստծու բոլոր պատվիրանները, որպեսզի ժառանգեք այս լավ երկիրը և ձեզանից հետո այն հավիտենապես թողնեք ձեր որդիներին իբրև ժառանգություն”։ Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։ Հիմա տե՛ս, Տերը ընտրել է քեզ, որ մի տուն կառուցես սրբարանի համար. զորացի՛ր և գործի՛ր»։ Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց սրահի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, նրա ներքին շտեմարանների ու քավության սենյակի հատակագիծը և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։ Նաև հրահանգ տվեց քահանաների և ղևտացիների դասերի, Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերի և Տիրոջ տան պաշտամունքի բոլոր անոթների մասին։ Նրան տվեց նաև յուրաքանչյուր ծառայության բոլոր ոսկե անոթների կշիռը, բոլոր արծաթե անոթների, բոլոր ծառայությունների անոթների կշիռն էլ, ոսկե աշտանակների ու դրանց ոսկե ճրագների կշիռը, յուրաքանչյուր աշտանակի ու դրա ոսկե ճրագի, նույնպես և արծաթե աշտանակների, աշտանակի ու դրա ճրագների կշիռը՝ ըստ յուրաքանչյուր աշտանակի գործածության։ Եվ առաջավորության հացի սեղանների՝ ոսկին կշռով յուրաքանչյուր սեղանի համար, և արծաթ կշռով՝ արծաթե սեղանների համար։ Եվ մաքուր ոսկյա մեծ պատառաքաղների, կոնքերի, բաժակների և ոսկե տաշտերի՝ յուրաքանչյուրի կշիռը, և խնկարկության սեղանի համար մաքուր ոսկի կշռով կշռաչափը և իրենց թևերը տարածող ու Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբեների կառքի պատկերը։ «Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերն իր ձեռքի գրով տվեց ինձ»,- ասաց Դավիթը։ Ապա Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր և կատարի՛ր. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև Տեր Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է։ Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի, մինչև որ լրացնես Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը։ Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։