Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1-10

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1-10 ՆՎԱԱ

Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։ Դավիթ թագավորը ոտքի կանգնեց և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ իմ եղբայրներ և իմ ժողովուրդ. ես իմ սրտում դրել էի հանգստյան մի տուն կառուցել Տիրոջ ուխտի տապանակի ու մեր Աստծու ոտքի պատվանդանի համար և պատրաստություն տեսա այն կառուցելու։ Բայց Աստված ինձ ասաց. “Դու իմ անվան համար տուն չպիտի կառուցես, որովհետև դու պատերազմող մարդ ես և արյուն ես թափել”։ Իսրայելի Տեր Աստվածն իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որպեսզի Իսրայելի վրա հավիտյան թագավոր լինեմ, քանզի նա Հուդայի ցեղին ընտրեց առաջնորդ և Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և իմ հոր որդիներից ի՛նձ հավանեց, որպեսզի թագավոր անի ինձ ամբողջ Իսրայելի վրա։ Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։ Նա ինձ ասաց. “Քո Սողոմոն որդին ինքն է կառուցելու իմ տունն ու իմ գավիթները, որովհետև ես նրան ընտրել եմ ինձ որդի և ես էլ նրան հայր եմ լինելու։ Ես հավիտյան կհաստատեմ նրա թագավորությունը, եթե նա հաստատ մնա ու կատարի, ինչպես այսօր, իմ պատվիրաններն ու իմ հրահանգները”։ Եվ հիմա ամբողջ Իսրայելի Տիրոջ հավաքված ժողովրդի աչքի առաջ և Աստծու ականջի առաջ ասում եմ. “Պահե՛ք և քննե՛ք ձեր Տեր Աստծու բոլոր պատվիրանները, որպեսզի ժառանգեք այս լավ երկիրը և ձեզանից հետո այն հավիտենապես թողնեք ձեր որդիներին իբրև ժառանգություն”։ Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։ Հիմա տե՛ս, Տերը ընտրել է քեզ, որ մի տուն կառուցես սրբարանի համար. զորացի՛ր և գործի՛ր»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում