Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:1-32

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:1-32 ՆՎԱԱ

Ահա դռնապանների դասակարգումը. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորեի որդի Մասեղամիա։ Մասեղամիայի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հեդիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Հաթնիել, հինգերորդը՝ Եղամ, վեցերորդը՝ Հոհանան, յոթերորդը՝ Եղիովենայի։ Աբդեդոմի որդիները. անդրանիկը՝ Սեմայիա, երկրորդը՝ Հոզաբադ, երրորդը՝ Հովաք, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել, վեցերորդը՝ Ամիել, յոթերորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փեղաթի, որովհետև Աստված օրհնել էր նրան։ Նրա որդուց՝ Սեմայիայից, ծնվեցին որդիներ, որոնք իշխաններ դարձան իրենց հոր տանը, որովհետև նրանք ուժեղ և քաջազուն մարդիկ էին։ Սեմայիայի որդիները՝ Օթնի, Ռափայել, Օբեդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս և Սամաքիա։ Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները քաջազուն և զորավոր մարդիկ էին ծառայության համար։ Աբդեդոմի սերնդից՝ վաթսուներկու հոգի։ Մասեղամիան տասնութ զորավոր որդիներ և եղբայրներ ուներ։ Մերարիի որդիներից Ուսան ուներ որդիներ, որոնց գլխավորը Սամարին էր. թեև նա անդրանիկը չէր, բայց նրա հայրը նրան նշանակեց գլխավոր։ Երկրորդը՝ Քեղկիա, երրորդը՝ Տաբաղիա, չորրորդը՝ Զաքարիա։ Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասներեք հոգի էին։ Սրանք են դռնապանների դասակարգումները ըստ գլխավոր մարդկանց, որոնք ունեին պարտականություններ իրենց եղբայրների պես՝ ծառայելով Տիրոջ տանը։ Փոքրն ու մեծը, ըստ իրենց հայրերի տների, նմանապես վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։ Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։ Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, նրա որդիներին՝ շտեմարանները, Սուփիմին և Ուսային՝ արևմտյան կողմը՝ Սալեքադի դռան մոտ, դեպի վեր բարձրացող ճանապարհի վրա. մի պահակագունդը՝ մյուս պահակագնդից հետո։ Արևելյան կողմում՝ վեց ղևտացի, հյուսիսում՝ օրը չորս, հարավում՝ օրը չորս, իսկ շտեմարանների վրա՝ երկու-երկու։ Գավթի կողմում՝ դեպի արևմուտք, չորս հոգի ճանապարհին, և երկու հոգի գավթի համար։ Սա է Կորխի որդիներից և Մերարիի որդիներից դռնապանների դասակարգումը։ Ղևտացիներից Աքիան Աստծու տան գանձերի և նվիրական գանձերի վերակացուն էր։ Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի գլխավորներից՝ գերսոնացի Ղադանի որդիներից էր Հեքիելը։ Հեքիելի որդիներից Զեթամն ու նրա եղբայր Հովելը Տիրոջ տան գանձերի վերակացուն էին։ Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից՝ Սուբայելն էլ՝ Մովսեսի որդի Գերսոմի որդին, գլխավոր գանձապահն էր։ Նրա եղբայրները. Եղիազարից՝ նրա որդին՝ Հռաբիա, նրա որդին՝ Եսայի, նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Զեքրի և նրա որդին՝ Սաղոմոթ։ Այս Սաղոմոթը և նրա եղբայրները պահպանում էին այն բոլոր նվիրաբերված գանձերը, որ նվիրել էին Դավիթ թագավորը, տոհմապետները, հազարապետները, հարյուրապետներն ու զորքի հրամանատարները։ Դրանք նվիրել էին պատերազմներից վերցված ավարից՝ Տիրոջ տաճարի կարիքների համար։ Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել տեսանողը, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբենները և Շարուհեայի որդի Հովաբը. այդ բոլոր նվիրաբերված գանձերը Սաղամոթի և նրա եղբայրների հսկողության տակ էին։ Իսահառյաններից Քոնոնիան և նրա որդիները նշանակվեցին Իսրայելի արտաքին գործերի պաշտոնյաներ և դատավորներ։ Քեբրոնի որդիներից Ասարիան և նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր քաջազուն մարդիկ, Իսրայելի վրա վերակացու էին Հորդանան գետի արևմտյան կողմում, Տիրոջ բոլոր գործերի և թագավորի ծառայության համար։ Քեբրոնյաններից գլխավորն էր Հերիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում Քեբրոնի սերունդների և տոհմերի քննություն կատարվեց Գաղաադի Հազեր բնակավայրում, և նրանց մեջ գտնվեցին քաջազուն տղամարդիկ։ Նրա եղբայրները՝ թվով երկու հազար յոթ հարյուր քաջարի մարդիկ, տոհմապետներ էին։ Դավիթ թագավորը նրանց Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի վրա վերակացու նշանակեց Աստծու և թագավորի բոլոր գործերի համար։