Ահա Ահարոնի որդիների դասակարգումը. Ահարոնի որդիներն են՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար ու Իթամար։ Նադաբն ու Աբիուդը մեռան իրենց հորից առաջ և որդիներ չունեցան, ուստի քահանայություն անում էին Եղիազարն ու Իթամարը։ Դավիթը Եղիազարի որդիներից Սադոկի և Իթամարի որդիներից Աքիմելեքի օգնությամբ նրանց բաժանեց դասակարգերի՝ ըստ իրենց համար որոշված ծառայության և պաշտոնի։ Նկատվեց, որ Եղիազարի որդիների մեջ իշխանավոր մարդիկ ավելի շատ էին, քան Իթամարի որդիների մեջ. և կատարվեց նրանց դասակարգումը։ Եղիազարի որդիների մեջ կային տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիների մեջ՝ ութ իշխան։ Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։ Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացի քարտուղարը, նրանց գրանցեց թագավորի և իշխանների, Սադոկ քահանայի, Աբիութարի որդի Աքիմելեքի, քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջ։ Վիճակ էին հանում մեկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մեկ անգամ էլ՝ Իթամարի ազգատոհմի համար։
Առաջին վիճակը դուրս ելավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային, երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին, հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Միամինին, յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային, իններորդը՝ Հեսուին, տասներորդը՝ Սեքենիային, տասնմեկերորդը՝ Եղիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին, տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին, տասնհինգերորդը՝ Բեղգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին, տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Եզեկիելին, քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին, քսաներեքերորդը՝ Դաղայիային, քսանչորսերորդը՝ Մաազիային։ Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտոնը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ այն կանոնի, որ տրված է նրանց իրենց հայր Ահարոնի ձեռքով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը հրամայել էր նրան։
Ահա Ղևիի որդիներից մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայել, Սուբայելի որդիներից՝ Հադայիա, Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը՝ Հեսիա, Իսահառի որդիներից՝ Սաղոմոթ, Սաղոմոթի որդիներից՝ Հեթ, Քեբրոնի որդիներից՝ Հերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Հազիել, չորրորդը՝ Հեկամամ, Օզիելի որդիներից՝ Միքա, Միքայի որդիներից՝ Սամիր։ Միքայի եղբայրը՝ Հեսիա, Հեսիայի որդիներից՝ Զաքարիա։ Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի, Հազիայի որդին՝ Բենով։ Մերարիի որդիները Հազիայից՝ Բենով, Սոհամ, Զաքուր և Եբրի։ Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիներ չունեցավ։ Կիսից՝ Կիսի որդիներից՝ Հերամել։ Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր և Հերիմոթ։ Սրանք ղևտացիների որդիներն են իրենց ազգատոհմերով։ Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։