Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:2-32

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:2-32 ՆՎԱԱ

Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։ Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազար հոգի։ Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ, չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար»։ Դավիթը նրանց դասերի բաժանեց ըստ Ղևիի որդիների՝ Գերսոնի, Կահաթի և Մերարիի։ Գերսոնի որդիներից էին Ղադանն ու Սեմեին։ Ղադանի որդիները երեքն էին. գլխավորը՝ Հեքիելը, հետո՝ Զեթամը և Հովելը։ Սեմեիի որդիները երեքն էին՝ Սաղամոթը, Ազիելը և Արանը։ Սրանք են Ղադանի տոհմերի գլխավորները։ Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հեուսը և Բարիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ ընդամենը չորս հոգի։ Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բարիան շատ որդիներ չունեին և մարդահամարի մեջ մեկ տոհմ կազմեցին։ Կահաթի որդիները չորսն էին՝ Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը։ Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Որոշվեց, որ Ահարոնն ինքը և ապա իր որդիները առանձնացվեն ամենասուրբ բաները հավիտյան սրբագործելու, Տիրոջ առջև խունկ ծխելու, նրան ծառայելու և նրա անունով օրհնելու հավիտյան։ Բայց Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները համարվեցին Ղևիի ցեղ։ Մովսեսի որդիներն էին Գերսոմն ու Եղիազարը։ Գերսոմի որդիներից առաջինն էր Սուբայելը։ Եղիազարի առաջին որդին էր Հռաբիան. Եղիազարն ուրիշ որդիներ չուներ, բայց Հռաբիայի որդիները խիստ շատացան։ Իսահառի որդիներից առաջինն էր Սաղամոթը։ Քեբրոնի որդիներն էին՝ առաջինը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հազիելը, չորրորդը՝ Հեկամամը։ Օզիելի որդիներն էին՝ առաջինը՝ Միքան, երկրորդը՝ Հեսիան։ Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։ Եղիազարը մեռավ, բայց նա որդիներ չունեցավ, այլ աղջիկներ, որոնց կնության առան իրենց եղբայրները՝ Կիսի որդիները։ Մուսիի որդիներն էին՝ Մոողի, Եդեր ու Հերիմոթ՝ այս երեքը։ Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից, որովհետև Դավիթն ասել էր, որ Իսրայելի Տեր Աստվածը հանգստություն է տվել իր ժողովրդին, որ Երուսաղեմում է բնակվելու հավիտյան։ Ղևտացիներն այլևս չպիտի կրեն Տիրոջ խորանն ու դրա անոթները խորանի ծառայության համար, որովհետև, Դավթի վերջին խոսքի համաձայն, նրանք էին, որ հաշվառման ենթարկվեցին, այսինքն՝ քսան և ավելի բարձր տարիք ունեցող Ղևիի որդիները։ Նրանք կլինեն Ահարոնի որդիների ձեռքի տակ, որպեսզի ծառայեն Տիրոջ տանը՝ գավիթներում, սենյակներում, հոգ տանեն բոլոր սուրբ բաների մաքրությանը, Աստծու տան ծառայության գործին, կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։ Նաև ամեն առավոտ վեր կենան Տիրոջը գովաբանելու և օրհներգելու, նույն բանն անեն և երեկոյան։ Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոն օրերին մշտապես Տիրոջ առաջ Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզներն ըստ նշված թվի և կանոնի։ Եվ կատարեն ժողովի վրանի, սրբարանի և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պահպանությունը Տիրոջ տան ծառայության համար։