Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:7-15

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:7-15 ՆՎԱԱ

Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։ Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։ Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց. «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։ Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։ Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։