Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:1-30

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:1-30 ՆՎԱԱ

Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։ Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան և հաշիվն ինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։ Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։ Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։ Հովաբը Դավթին հանձնեց ժողովրդի մարդահամարի հաշիվը։ Ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազար սուր քաշող մարդ, իսկ Հուդայի երկրում՝ չորս հարյուր յոթանասուն հազար սուր քաշող մարդ։ Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։ Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։ Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։ Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց. «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։ Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։ Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։ Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։ Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝ նրան բնաջնջելու համար»։ Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Դավթին ասա՛, որ նա ելնի և Տիրոջ համար մի զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։ Եվ Դավիթը ելավ գնաց ըստ այն խոսքի, որ Գադն ասել էր Տիրոջ անունով։ Ոռնան ցորեն էր կալսում։ Ոռնան ետ դարձավ և տեսավ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնվեցին։ Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։ Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։ Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։ Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային։ Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։ Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։ Երբ Դավիթը տեսավ, որ Տերն իրեն պատասխան տվեց հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհ մատուցեց։ Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։ Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։