Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2

2
Հուդայի սերունդները
1Սրանք են Իսրայելի որդիները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն, 2Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ և Ասեր։
3Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելոմ։ Այս երեքը Հուդայի համար ծնվեցին Շավայի աղջկանից՝ քանանացուց։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերը մեռցրեց նրան։ 4Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին և Զարային։ Հուդայի բոլոր որդիները հինգն էին։
5Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։ 6Զարայի որդիները՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքոլ և Դարա. բոլորը միասին հինգն էին։ 7Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։ 8Եթանի որդին էր Ազարիան։
Դավիթ թագավորի տոհմածառը
9Եսրոնի որդիները, որ ծնվեցին նրա համար, սրանք էին՝ Հերամել, Րամ և Քեղուբա։
10Րամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Հուդայի որդիների իշխանին։ 11Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, 12Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդը ծնեց Հեսսեին։ 13Հեսսեն ծնեց իր անդրանիկ որդուն՝ Եղիաբին, երկրորդին՝ Ամինադաբին, երրորդին՝ Սամաային, 14չորրորդին՝ Նաթանայելին, հինգերորդին՝ Հռադային, 15վեցերորդին՝ Ասոմին, և յոթերորդին՝ Դավթին։ 16Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան։ Շարուհեայի որդիները՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել՝ այս երեքը։ 17Աբիգեան ծնեց Ամեսայիին. Ամեսայիի հայրը իսմայելացի Հեթերն էր։
Եսրոնի սերունդը
18Եսրոնի որդի Քաղեբը որդիներ ունեցավ իր կնոջից՝ Ազուբայից և Հերիոթից։ Սրանք են նրա որդիները՝ Հասեր, Սոբաբ և Արդոն։ 19Ազուբան մեռավ, և Քաղեբն իր համար կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Հուրին։ 20Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։
21Դրանից հետո Եսրոնը մտավ Գաղաադի հայր Մաքիրի աղջկա մոտ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Եվ նա նրա համար ծնեց Սեգուբին։ 22Սեգուբը ծնեց Հայերին. սա Գաղաադի երկրում քսաներեք քաղաք ուներ։ 23Գեսուրը և Արամը գրավեցին Հայերի գյուղաքաղաքները, նաև Կանաթին ու նրան ենթակա քաղաքները՝ վաթսուն քաղաք։ Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։ 24Քաղեբ-Եփրաթայում Եսրոնի մեռնելուց հետո Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Թեկուեի հայր Ասքուրին։
Հերամելի սերունդը
25Եսրոնի անդրանիկ որդու՝ Հերամելի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամը, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան։ 26Հերամելն ուներ մի ուրիշ կին, որի անունը Ատարա էր. սա Օնամի մայրն էր։ 27Հերամելի անդրանիկ որդու՝ Հռամի որդիներն էին՝ Մաաս, Համին և Ակոր։ 28Օնամի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։ 29Աբիսուրի կնոջ անունն էր Աբիհայիլ, որը նրա համար ծնեց Աքբանին և Մողիդին։ 30Նադարի որդիներն էին՝ Սաղադ և Ափփիմ։ Սաղադը մեռավ անորդի։ 31Ափփիմի որդին՝ Հեսսի, Հեսսիի որդին՝ Սեսան, Սեսանի որդին՝ Աղայի։ 32Սամայիի եղբայր Հադայի որդիներն էին՝ Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ անորդի։ 33Հովնաթանի որդիներն էին՝ Փաղեթ և Զազա։ Սրանք Հերամելի որդիներն էին։
34Սեսանը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Սեսանն ուներ մի եգիպտացի ծառա՝ անունը Հարքա։ 35Սեսանն իր աղջկան կնության տվեց իր ծառա Հարքային, որից նա ծնեց Եթթիին։ 36Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբադին. 37Զաբադը ծնեց Ոփղաղին. Ոփղաղը ծնեց Օբեդին. 38Օբեդը ծնեց Հեուին. Հեուն ծնեց Ազարիային. 39Ազարիան ծնեց Քեղեսին. Քեղեսը ծնեց Եղեասային. 40Եղեասան ծնեց Սոսոմեին. Սոսոմեն ծնեց Սեղղումին. 41Սեղղումը ծնեց Հեկամիային. Հեկամիան ծնեց Եղիսամային։
Քաղեբի սերունդը
42Հերամելի եղբայր Քաղեբի որդիներն էին Մեսան՝ նրա անդրանիկը, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։ 43Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ և Սեմայի։ 44Սեմային ծնեց Հռաամին՝ Հարկաամի հորը. Ռոկոմը ծնեց Սամայիին։ 45Սամայիի որդին էր Մաոնը. Մաոնը Բեթսուրի հայրն էր։ 46Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Մոսանին և Գազեզին։ Առանը Գազեզի հայրն էր։ 47Հադայիի որդիները՝ Հռագեմ, Հովաթամ, Գեսան, Փաղետ, Գեփա և Սագափ։ 48Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային։ 49Նա ծնեց նաև Սագափին՝ Մադմանայի հորը, և Շավային՝ Մաքաբենայի և Գաբաայի հորը։ Քաղեբի աղջիկն էր Աքսան։
50Եփրաթի անդրանիկ որդու՝ Ովրի որդու՝ Քաղեբի որդիները սրանք են՝ Սոփաղ՝ Կարիաթարիմի հայրը, 51Սաղմոն՝ Բեթլեհեմի հայրը, Նարեփ՝ Բեթկադերի հայրը։ 52Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիները՝ Հարոե, համենուքոթացիների կեսը։ 53Կարիաթարիմի տոհմերը՝ հեթերացիներ, փութացիներ, սամաթացիներ և մասարացիներ։ Սրանցից առաջացան սաարացիները և եսթավուղացիները։ 54Սաղմոնի որդիներն էին Բեթլեհեմը, նետոփաթացիները, Ատարոթը, Հովաբի տունը և համենաքթացիների կեսը, սարացիները։ 55Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին՝ թարգաթացիներ, սամաթացիներ և սոկաթացիներ։ Սրանք Ռեքաբի տան հայր Եմաթից առաջացած կենեցիներն էին։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք