Դրանից հետո մեռավ ամմոնացիների թագավոր Նաասը, և նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդին։ Դավիթն ասաց. «Նաասի որդի Անոնին հավատարմություն անեմ, որովհետև նրա հայրը հավատարմությամբ վարվեց ինձ հետ»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց, որպեսզի մխիթարեն նրան իր հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիրը՝ Անոնի մոտ՝ մխիթարելու նրան։ Ամմոնացիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքի առաջ, որ մխիթարիչներ է ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քննեն այս երկիրը, տակնուվրա անեն և լրտեսեն»։ Եվ Անոնը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, կտրեց նրանց զգեստների կեսը մինչև նստատեղը և արձակեց նրանց։ Նրանք գնացին. երբ Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև այդ մարդիկ խիստ անարգված էին։ Թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա վերադարձե՛ք»։
Երբ ամմոնացիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթին, Անոնն ու ամմոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքի ասորիներից, Մաաքայի ասորիներից և Սուբայից մարտակառքեր ու ձիավորներ վարձեն։ Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։
Երբ Դավիթն այդ լսեց, ուղարկեց Հովաբին և քաջամարտիկների ամբողջ զորքը։ Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։ Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ, իսկ մնացած զորքը հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային, և նրանք շարվեցին ամմոնացիների դիմաց։ Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթեն, դու ինձ օգնության կհասնես, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթեն, ե՛ս կօգնեմ քեզ։ Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։ Երբ ամմոնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի եղբոր՝ Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Եվ Հովաբը եկավ Երուսաղեմ։
Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, պատգամավորներ ուղարկեցին և ոտքի հանեցին Գետի այն կողմում գտնվող ասորիներին։ Նրանց առջևից գնում էր Ադրաազարի զորագլուխ Սոբակը։ Երբ Դավթին ասվեց այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ հասավ նրանց, և շարվեցին նրանց դիմաց։ Դավիթը կռվի մեջ մտավ և պատերազմեց նրանց դեմ։ Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքի զինվոր, քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։ Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, հաշտություն կնքեցին և դարձան նրա ծառաները։ Ասորիներն այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին։