Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:1-15

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:1-15 ՆՎԱԱ

Երբ Դավիթը բնակվեց իր տանը, նա ասաց Նաթան մարգարեին. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։ Նաթանն ասաց Դավթին. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է»։ Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ՝ ասելով. «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. "Դու ինձ համար բնակվելու տուն չես շինի, որովհետև Իսրայելի որդիներին Եգիպտոսից իմ հանելու օրվանից մինչև այսօր տան մեջ չեմ բնակվել, այլ գնացել եմ վրանից վրան և խորանից խորան։ Ինչքան տեղ որ ման եմ եկել Իսրայելի բոլոր որդիների հետ, մի՞թե մի խոսք ուղղել եմ Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որոնց հրամայել էի հովվել Իսրայելի իմ ժողովրդին, ասելով. "Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք"”։ Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի փարախից՝ ոչխարների ետևից, որպեսզի Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։ Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։ Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմ այնտեղ. նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան, ինչպես այդ եղել է այն օրվանից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի դրել։ Ես նվաճելու եմ քո բոլոր թշնամիներին և քեզ հայտնում եմ, որ Տերն է քեզ համար տուն կառուցելու։ Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։ Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։ Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։ Ես նրան ընդմիշտ պիտի հաստատեմ իմ տանն ու իմ թագավորության մեջ, և նրա գահը հավիտյան պիտի լինի"”»։ Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։