Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.
«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը,
Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։
Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան,
Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։
Պարծեցե՛ք նրա սուրբ անունով.
Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։
Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը.
Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։
Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց,
Նրա նշաններն ու նրա հրահանգները։
Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ,
Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։
Ինքը Տերն է մեր Աստվածը,
Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։
Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը,
Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ,
Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ,
Եվ իր երդումը Իսահակի հետ։
Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոն
Եվ Իսրայելի համար հավիտենական ուխտ լինի՝
Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝
Որպես ձեր ժառանգության բաժին”։
Սակավաթիվ էին նրանք,
Շատ քիչ և պանդուխտ այնտեղ,
Ազգից ազգ էին գնում
Եվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։
Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց.
Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.
“Մի՛ մոտեցեք իմ օծյալներին,
Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։
Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ,
Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,
Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը,
Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,
Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի,
Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,
Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են,
Իսկ Տերը երկինքն է արարել։