Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։ Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։ Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։
Նա Տիրոջ տապանակի առջև ղևտացիներից պաշտոնյաներ դրեց Իսրայելի Տեր Աստծուն աղերսելու, գոհություն մատուցելու և փառաբանելու համար։ Գլխավորն էր Ասափը, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեիելը՝ տավիղներով ու քնարներով, և Ասափը՝ ծնծղաներ հնչեցնելով։ Բանեա և Հազիել քահանաները շարունակ փողեր էին հնչեցնում Աստծու ուխտի տապանակի առաջ։
Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.
«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը,
Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։
Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան,
Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։
Պարծեցե՛ք նրա սուրբ անունով.
Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։
Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը.
Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։
Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց,
Նրա նշաններն ու նրա հրահանգները։
Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ,
Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։
Ինքը Տերն է մեր Աստվածը,
Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։
Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը,
Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ,
Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ,
Եվ իր երդումը Իսահակի հետ։
Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոն
Եվ Իսրայելի համար հավիտենական ուխտ լինի՝
Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝
Որպես ձեր ժառանգության բաժին”։
Սակավաթիվ էին նրանք,
Շատ քիչ և պանդուխտ այնտեղ,
Ազգից ազգ էին գնում
Եվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։
Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց.
Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.
“Մի՛ մոտեցեք իմ օծյալներին,
Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։
Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ,
Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,
Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը,
Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,
Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի,
Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,
Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են,
Իսկ Տերը երկինքն է արարել։
Փառք և վայելչություն կա նրա առաջ,
Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։
Ո՛վ բոլոր ժողովուրդներ,
Տիրոջը տվե՛ք փառք և զորություն,
Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք,
Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ,
Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։
Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ,
Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։
Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա,
Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։
Ծովը գոռգոռա իր լիությամբ,
Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։
Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը,
Քանզի նա գալիս է երկիրը դատելու։
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է,
Եվ նրա ողորմությունը հավիտենական է։
Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,
Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից,
Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը
Եվ պարծենանք քո մեծագործություններով”։
Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
Հավիտենից մինչև հավիտյան»։
Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։