Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։ Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։ Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։ Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին. Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի, Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի, Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի, Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի, Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի, Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։ Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը, որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։ Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։ Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։
Կարդալ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:1-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր