Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:8-17

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:8-17 ՆՎԱԱ

Երբ փղշտացիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, բոլոր փղշտացիները ելան Դավթին որոնելու։ Դավիթն այդ լսեց և դուրս եկավ նրանց դիմաց։ Փղշտացիները եկան և ասպատակեցին Ռափայինների հովտում։ Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Բարձրանամ գնա՞մ փղշտացիների վրա, և դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։ Այն ժամանակ նրանք գնացին Բաաղ-Փարասին, որտեղ Դավիթը հաղթեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին պատառեց իմ ձեռքով՝ ջրերի պատռվածքի նման»։ Դրա համար էլ այդ վայրը կոչվեց Բաաղ-Փարասին։ Նրանք իրենց աստվածները թողեցին այնտեղ, և Դավիթը հրամայեց, ու դրանք այրեցին կրակով։ Փղշտացիները կրկին եկան և ասպատակեցին հովտում։ Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց ետևից, շեղվի՛ր նրանցից և նրանց վրա գնա՛ թթենիների կողմից։ Երբ թթենիների գագաթից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ դո՛ւրս եկ պատերազմի, որովհետև Աստված պիտի դուրս գա քո առջևից՝ հարվածելու համար փղշտացիների բանակին»։ Դավիթն արեց այնպես, ինչպես որ Տերը հրամայեց իրեն, և նրանք կոտորեցին փղշտացիների բանակը Գաբավոնից մինչև Գազեր։ Դավթի համբավը տարածվեց բոլոր երկրներում, և Տերը նրա վախը տարածեց բոլոր ազգերի վրա։