Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:1-14

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:1-14 ՆՎԱԱ

Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր զորապետների հետ։ Դավիթն ասաց Իսրայելի հավաքված ժողովրդին. «Եթե հաճելի է ձեզ, և եթե դա մեր Տեր Աստծուց է, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, նրանց հետ նաև իրենց քաղաքներում և ագարակներում ապրող քահանաներին ու ղևտացիներին, որպեսզի հավաքվեն մեզ մոտ, և մեր Աստծու տապանակը մեզ մոտ փոխադրենք, որովհետև Սավուղի օրերից ի վեր նրան չփնտրեցինք»։ Հավաքված ամբողջ ժողովուրդն ասաց. «Այդպես անենք», որովհետև այս խոսքը ուղիղ թվաց ամբողջ ժողովրդին։ Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի Սիոր գետից մինչև Եմաթի մուտքը, որպեսզի Աստծու տապանակը բերեն Կարիաթարիմից։ Դավիթն ամբողջ Իսրայելի հետ գնաց Բաաղ, այսինքն՝ Հուդայի Կարիաթարիմ՝ այնտեղից վեր բերելու քերովբեների վրա տեղադրված Աստծու տապանակը, որը կրում է Տիրոջ անունը։ Ամինադաբի տնից Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա, և Օզան ու Աքիովը քշում էին սայլը։ Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով պարում էին Աստծու առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով և փողերով։ Երբ նրանք Քիդոնի կալին հասան, Օզան իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, և Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ։ Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա։ Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակը տանեմ ինձ մոտ»։ Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ գեթացի Աբդեդոմի տունը։ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։