Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13

13
Ուխտի տապանակը Կարիաթարիմից փոխադրվում է
(Բ Թագ. 6.1-11)
1Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր զորապետների հետ։ 2Դավիթն ասաց Իսրայելի հավաքված ժողովրդին. «Եթե հաճելի է ձեզ, և եթե դա մեր Տեր Աստծուց է, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, նրանց հետ նաև իրենց քաղաքներում և ագարակներում ապրող քահանաներին ու ղևտացիներին, որպեսզի հավաքվեն մեզ մոտ, 3և մեր Աստծու տապանակը մեզ մոտ փոխադրենք, որովհետև Սավուղի օրերից ի վեր նրան չփնտրեցինք»։ 4Հավաքված ամբողջ ժողովուրդն ասաց. «Այդպես անենք», որովհետև այս խոսքը ուղիղ թվաց ամբողջ ժողովրդին։ 5Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի Սիոր գետից մինչև Եմաթի մուտքը, որպեսզի Աստծու տապանակը բերեն Կարիաթարիմից։ 6Դավիթն ամբողջ Իսրայելի հետ գնաց Բաաղ, այսինքն՝ Հուդայի Կարիաթարիմ՝ այնտեղից վեր բերելու քերովբեների վրա տեղադրված Աստծու տապանակը, որը կրում է Տիրոջ անունը։ 7Ամինադաբի տնից Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա, և Օզան ու Աքիովը քշում էին սայլը։ 8Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով պարում էին Աստծու առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով և փողերով։
9Երբ նրանք Քիդոնի կալին հասան, Օզան իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։ 10Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, և Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ։ 11Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա#13.11 Այսինքն՝ Օզայի պատռվածք։։ 12Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակը տանեմ ինձ մոտ»։ 13Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ գեթացի Աբդեդոմի տունը։ 14Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք