Եվ տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից՝ հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։ Եվ նրա մեջ կային չորս կենդանի էակների նմանություններ։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդու նմանություն ունեին։ Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։ Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։ Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։ Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։