ՂՈՒԿԱՍ 23
23
Հիսուսը բերվում է Պիղատոսի առաջ
(Մտթ. 27.1-2, 11-14, Մրկ. 15.1-5, Հովհ. 18.28-38, 19.1-16)
1Եվ նրանց ամբողջ բազմությունը, վեր կենալով, նրան տարավ Պիղատոսի մոտ։ 2Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։ 3Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։ 4Պիղատոսը քահանայապետներին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։ 5Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ։
Հիսուսը Հերովդեսի առաջ
6Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլեայի մասին, հարցրեց, թե արդյոք այդ մարդը գալիլեացի՞ է։ 7Եվ երբ իմացավ, որ Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց՝ նրան տանելու Հերովդեսի մոտ, քանի որ այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։
8Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր տեսնել նրան, քանի որ հաճախ լսում էր նրա մասին և ակնկալություն ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան տեսնել։ 9Հերովդեսը նրան բազմաթիվ հարցեր տվեց, իսկ Հիսուսը նրան ոչ մի պատասխան չտվեց։ 10Քահանայապետներն ու դպիրները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։ 11Հերովդեսն էլ իր զորականների հետ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա՝ սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ նրան տանեն Պիղատոսի մոտ։
12Եվ Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ դարձան. մինչ այդ իրար թշնամիներ էին։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Մրկ. 15.6-15, Հովհ. 18.39–19.16)
13Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին և ժողովրդին ու ասաց. 14«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ 15Եվ ոչ էլ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ Հիսուսին տանեն։ 16Արդ, նա մահվան արժանի ոչինչ չի արել, ուստիև նրան գանահարել կտամ և կարձակեմ», 17(որովհետև հարկավոր էր յուրաքանչյուր տոնի առթիվ մի բանտարկյալ արձակել նրանց համար)։ 18Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերացրո՛ւ և արձակի՛ր մեզ համար Բարաբբային», 19որը քաղաքում պատահած մի խռովության և սպանության համար բանտարկվել էր։ 20Պիղատոսը նորից սկսեց խոսել, որովհետև կամենում էր Հիսուսին արձակել։ 21Բայց նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։ 22Եվ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա. գանահարել կտամ և կարձակեմ»։ 23Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայներն ավելի էին ուժեղանում։ 24Եվ Պիղատոսը հավանություն տվեց, որ նրանց պահանջը կատարվի։ 25Նա արձակեց Բարաբբային, որը խռովության և սպանության համար բանտ էր նետված, և որին էլ հենց ուզում էին, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Մրկ. 15.21-32, Հովհ. 19.17-27)
26Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս. նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։ 27Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ 28Հիսուսը դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լա՛ց եղեք ձեր և ձեր որդիների վրա, 29որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։ 30Այն ժամանակ մարդիկ կասեն լեռներին՝ “Ընկե՛ք մեզ վրա”, և բլուրներին՝ “Ծածկե՛ք մեզ” (Ովս. 10.8), 31որովհետև, երբ դալա՛ր փայտին այսպես անեն, չորի՛ն ինչ կպատահի»։
32Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։
33Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, իսկ չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը, խաչեցին։ 34Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։ 35Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։ 36Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. 37«Եթե դու հրեաների թագավորն ես, փրկի՛ր ինքդ քեզ»։ 38Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով՝ «Սա՛ է հրեաների արքան»։
39Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ 40Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ 41Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ 42Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ 43Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Մրկ. 15.33-41, Հովհ. 19.28-37)
44Համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց։ 45Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ 46Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Սաղ. 30(31).6(5))։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։
47Հարյուրապետը, պատահածը տեսնելով, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»։ 48Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել և դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ 49Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում, ինչպես նաև կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։
Հիսուսի թաղումը
(Մտթ. 27.57-61, Մրկ. 15.42-47, Հովհ. 19.38-42)
50Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար, որը հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ 51(սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։ 52Նա, Պիղատոսի մոտ գալով, ուզեց Հիսուսի մարմինը։ 53Եվ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրվել։ 54Օրն ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։
55Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինն այնտեղ դրվեց։ 56Վերադարձան, խնկեր և յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրենքի համաձայն, հանգիստ արեցին։
હાલમાં પસંદ કરેલ:
ՂՈՒԿԱՍ 23: ՆԷԱ
Highlight
શેર કરો
નકલ કરો
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն