ԾՆՈՒՆԴ 6

6
Նոյը և ջրհեղեղը
1Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա, և նրանց դուստրեր ծնվեցին, 2Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։ 3Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։ 4Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։
5Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում, 6զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և մտահոգվեց։ 7Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց»։ 8Բայց Նոյն արժանացել էր Տիրոջ՝ Աստծու շնորհին։
9ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։ 10Նա երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին։ 11Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ։ 12Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։ 13Եվ Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ 14Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ 15Տապանը կշինես այսպես. նրա երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ բարձրությունը՝ երեսուն կանգուն։ 16Տապանը դեպի վեր նեղացնելով կշինես, այնպես որ նրա ծածկի լայնությունը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. տապանը ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա։ 17Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։ 18Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ՝ նաև քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ 19Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։ 20Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։ 21Քեզ հետ կվերցնես նաև այն բոլոր ուտելիքներից, որ ուտում եք, կկուտակես դրանք, որ քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։ 22Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։

اکنون انتخاب شده:

ԾՆՈՒՆԴ 6: ՆԷԱ

های‌لایت

به اشتراک گذاشتن

کپی

None

می خواهید نکات برجسته خود را در همه دستگاه های خود ذخیره کنید؟ برای ورودثبت نام کنید یا اگر ثبت نام کرده اید وارد شوید