ՀՈՎՀԱՆՆԵՍ 7
7
Հիսուսի եղբայրները չեն հավատում
1Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում։ Նա չէր ուզում շրջել Հուդայում, քանի որ հրեաներն ուզում էին սպանել նրան։
2Մոտենում էր հրեաների Տաղավարահարաց տոնը։ 3Հիսուսի եղբայրները նրան ասացին. «Դո՛ւրս արի այստեղից և գնա՛ Հուդա, որ քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես։ 4Որովհետև չկա մեկը, որ գաղտնի գործի և ուզենա հայտնի լինել. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին»։ 5Հիսուսի եղբայրները նույնպես չէին հավատում նրան։ 6Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեզ համար միշտ ժամանակն է։ 7Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են։ 8Դուք գնացե՛ք այդ տոնին. ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ 9Հիսուսն այս ասաց նրանց և մնաց Գալիլեայում։
10Երբ նրա եղբայրները տոնի համար Երուսաղեմ բարձրացան, այն ժամանակ ինքն էլ այդ տոնին գնաց, բայց ոչ հայտնապես, այլ ծածուկ։
Հիսուսը Երուսաղեմում Տաղավարահարաց տոնին
11Այդ տոնի ժամանակ հրեաները փնտրում էին նրան ու ասում. «Որտե՞ղ է նա»։ 12Եվ բազմության մեջ նրա մասին շատ տարակարծություններ կային։ Ոմանք ասում էին՝ «Բարի մարդ է», իսկ ոմանք՝ «Ո՛չ, նա մոլորեցնում է ժողովրդին»։ 13Ոչ ոք նրա մասին բացահայտ չէր խոսում, որովհետև վախենում էին հրեաներից։
14Տոնակատարության կեսին արդեն Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ 15Հրեաները զարմանում էին ու ասում. «Նա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, երբ բնավ չի ուսանել»։ 16Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ 18Ինքն իրենից խոսողն իր փառքն է փնտրում, սակայն ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է, և նրա մեջ կեղծ բան չկա։ 19Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ 20Բազմությունը պատասխանեց. «Քո մեջ դև՞ ունես. ո՞վ է ուզում քեզ սպանել»։ 21Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և բոլորդ զարմացել եք։ 22Դրա համար Մովսեսը ձեզ թլփատությունը տվեց (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ 23Արդ, եթե մարդը նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա ինչո՞ւ եք բարկանում, որ ես շաբաթ օրով մի մարդու լիովին բժշկեցի։ 24Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։
Վեճ Հիսուսի անձի շուրջ
25Երուսաղեմցիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում են սպանել։ 26Բայց ահա նա համարձակ խոսում է, և նրան ոչինչ չեն ասում։ Գուցե իշխանավորներն իրապես ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։ 27Բայց գիտենք նրան, թե որտեղի՛ց է. իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղի՛ց է»։ 28Այդժամ Հիսուսը, որ ուսուցանում էր տաճարում, աղաղակեց և ասաց. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք, թե որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել. բայց ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկել է, նա, որին դուք չգիտեք։ 29Ես գիտեմ նրան, որովհետև նրանից եմ, և նա՛ ինձ ուղարկեց»։ 30Այդժամ ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր եկել։ 31Ժողովրդից շատերը նրան հավատացին ու ասում էին. «Երբ Քրիստոսը գա, արդյոք ավելի՞ շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։
Հիսուսը հայտնում է իր մոտալուտ մեկնումը աշխարհից
32Փարիսեցիները լսեցին ժողովրդի մեջ նրա մասին եղած շշուկները, և փարիսեցիներն ու քահանայապետները սպասավորներ#7.32 Կամ տաճարի պահակներ։ ուղարկեցին, որպեսզի նրան բռնեն։ 33Այդժամ Հիսուսն ասաց. «Դեռ մի փոքր ժամանակ ձեզ հետ եմ և ապա գնալու եմ ինձ ուղարկողի մոտ։ 34Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»։ 35Արդ հրեաները միմյանց ասացին. «Ո՞ւր է գնալու, որ մենք չգտնենք դրան. գուցե գնալու է հույների մեջ ցրված հրեաների մոտ և հույների՞ն է ուսուցանելու։ 36Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որ ասաց. "Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես եմ, դուք չեք կարող գալ"»։
Կենդանի ջրի աղբյուրը
37Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ 38Ինչպես Գիրքն է ասում. "Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ 39Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։
Կրկին վեճ Հիսուսի անձի շուրջ
40Արդ ժողովրդի միջից շատերը, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. «Իրապես որ նա մարգարեն է»։ 41Ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը»։ Իսկ մնացածն էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու. 42չէ՞ որ Գիրքն ասում է. "Քրիստոսը գալու է Դավթի սերնդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր"»։ 43Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ։ 44Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց։
45Արդ, սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, և սրանք ասացին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք»։ 46Սպասավորները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ 47Փարիսեցիները նրանց պատասխանեցին. «Մի՞թե դուք էլ եք մոլորվել։ 48Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան, 49բացի այս ժողովրդից, որ չգիտի օրենքը և դրա համար նզովված է»։ 50Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել և նրանցից մեկն էր, ասաց նրանց. 51«Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։ 52Նրանք պատասխանեցին նրան. «Գուցե դու է՞լ ես Գալիլեայից. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։ 53Եվ ամեն մեկն իր տուն գնաց։
Currently Selected:
ՀՈՎՀԱՆՆԵՍ 7: ՆՎԱԱ
Tõsta esile
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018