YouVersion Logo
Search Icon

ՂՈՒԿԱՍ 6:27-49

ՂՈՒԿԱՍ 6:27-49 ՆԷԱ

«Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք ինձ. սիրե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք. օրհնե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթե՛ք։ Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով քեզնից բռնի վերցնում է քո բաճկոնը, նրան մի՛ արգելիր շապիկդ էլ վերցնելու։ Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և մեկը քեզնից վերցնի, հետ մի՛ պահանջիր։ Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպե՛ս արեք և դուք նրանց։ Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին։ Եվ եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից հետ առնելու ակնկալություն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են փոխ տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով հետ առնեն։ Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։ Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ»։ «Մի՛ դատեք, որ չդատվեք, մի՛ պատժեք, և չպիտի պատժվեք, ներե՛ք, և ներում պիտի գտնեք, տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։ Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն։ Աշակերտն իր վարդապետից մեծ չէ. իսկ ով հասնի կատարելության, իր վարդապետի պես կլինի։ Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում։ Եվ կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. “Եղբա՛յր, թող քո աչքից այդ շյուղը հանեմ”, երբ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից գերանը և ապա լավ կտեսնես՝ եղբորդ աչքից շյուղը հանելու համար»։ «Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։ Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։ «Ինչո՞ւ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ասածս չեք անում։ Ամեն մարդ, որ ինձ մոտ է գալիս և լսում իմ խոսքերն ու կատարում դրանք, ձեզ ցույց տամ, թե ո՛ւմ է նման։ Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. հեղեղի բարձրանալու ժամանակ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև հիմքը լավ էր գցված։ Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»։