ԶԱՔԱՐԻԱ 4
4
Աշտանակի տեսիլքը
1Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։ 2Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։ 3Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։ 4Եվ ես պատասխանեցի ու ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ 5Ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե չգիտես, թե սրանք ի՛նչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։
Տիրոջ խոստումը Զորաբաբելին
6Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։- 7Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"”»։
8Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 9«Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը և նրա ձեռքերն էլ այն պիտի ավարտեն։ Եվ պիտի իմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել։ 10Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում»։
11Եվ ես պատասխան տվեցի ու ասացի նրան. «Աշտանակի աջ կողմի ու նրա ձախ կողմի այս երկու ձիթենիներն ի՞նչ են»։ 12Երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են այս երկու ձիթենու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների կողքին են, որոնցից ոսկե յուղն են թափում»։ 13Եվ նա ասաց ինձ. «Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։ 14Եվ նա ասաց. «Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»։
Currently Selected:
ԶԱՔԱՐԻԱ 4: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018