YouVersion Logo
Search Icon

ԵՐԳ ԵՐԳՈՑ 1

1
Առաջին երգ
1Սողոմոնի երգերի երգը։
2Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուց լավ է։
3Ախորժելի է քո հոտավետ յուղերի բուրմունքը. հեղված յուղի պես է քո անունը. դրա համար էլ օրիորդները սիրում են քեզ։
4Քաշի՛ր ինձ, ետևիցդ. վազե՜նք. թագավորն ինձ տարավ իր ներքնասենյակները. ցնծանք և ուրախանանք քեզնով. քո սերը գինուց ավելի գովենք. իրավացիորեն են սիրում քեզ։
5Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, սև եմ ես, բայց գեղեցիկ, ինչպես Կեդարի վրանները, ինչպես Սողոմոնի վարագույրները։
6Մի՛ նայեք, որ սևացած եմ. արևն է ինձ խանձել. մորս որդիները բարկացել էին ինձ վրա և ինձ այգիներին պահապանուհի էին նշանակել. ես իմ սեփական այգին չեմ պահպանել։
7Ասա՛ ինձ, ո՛վ իմ հոգու սիրելի, որտե՛ղ ես արածեցնում քո հոտը, որտե՛ղ ես հանգիստ տալիս#1.7 Պառկեցնում։ նրան կեսօրին։ Քո ընկերների հոտերի մոտ ես ինչո՞ւ քողածածկված կնոջ պես լինեմ նրան։
8Եթե դու չգիտես, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնը, դո՛ւրս եկ հոտի հետքերով և հովիվների վրանների մոտ արածեցրո՛ւ ուլերդ։
9Փարավոնի կառքերին լծված մատակի եմ նմանեցնում քեզ, ո՛վ իմ սիրուհի։
10Այտերդ գեղեցիկ են զարդերով, պարանոցդ՝ մանյակներով։
11Քեզ համար ոսկե զարդեր կշինենք՝ արծաթե կիտվածքով։
12Մինչ թագավորն իր օթոցի վրա էր, իմ նարդոսն իր հոտը բուրեց։
13Զմուռսի ծրարի պես է ինձ համար իմ սիրեկանը. ստինքներիս միջև է գիշերում։
14Իմ սիրեկանն ինձ համար հինայի ողկույզ է Ենգեդիի այգիներում։
15Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցիկ ես. աչքերդ՝ աղավնիներ։
16Ահավասիկ գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրեկան, և հաճելի, և կանաչ է մեր անկողինը։
17Մեր տների գերանները մայրու փայտից են, մեր հեծանները՝ եղևնափայտից։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in