YouVersion Logo
Search Icon

ՀՌՈՒԹ 4

4
Բոոսն ամուսնանում է Հռութի հետ
1Բոոսը ելավ դռան մոտ ու նստեց այնտեղ, և ահա անց էր կենում այն ազգականը, որի մասին ասել էր Բոոսը։ Բոոսը նրան ասաց. «Ո՜վ (այսինչ) մարդ, եկ այստեղ նստի՛ր»։ Եվ նա դարձավ ու նստեց։ 2Այն ժամանակ Բոոսը քաղաքի ծայրերից տասը մարդ վերցրեց և ասաց. «Նստե՛ք այստեղ»։ Եվ նրանք նստեցին։ 3Հետո այն ազգականին ասաց. «Մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որը վերադարձել է Մովաբի երկրից։ 4Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ ու ասեմ այս նստածների առաջ և իմ ժողովրդի ծերերի առաջ. ծախո՛ւ առ. եթե ուզում ես ազգականության իրավունքով ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե ծախու առնել չես ուզում, ինձ իմացրո՛ւ, որ գիտենամ, որովհետև քեզնից բացի ազգականության իրավունքը կատարող չկա, և քեզնից հետո ես եմ»։ Եվ նա ասաց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։ 5Բոոսն ասաց. «Այն օրը, երբ դու Նոեմիի ձեռքից արտը ծախու առնես, մահացածի կնոջից՝ մովաբացի Հռութից էլ պիտի ծախու առնես, որ մահացածի անունը պահես իր ժառանգության մեջ»։ 6Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։ 7Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործերը անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր և տալիս իր ընկերոջը. և սա վկայություն էր լինում Իսրայելում։ 8Եվ երբ ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ գնիր իմ հողամասը», հանեց իր կոշիկը։
9Եվ Բոոսն ասաց ծերերին ու ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցվածքը ծախու առա Նոեմիի ձեռքից։ 10Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։ 11Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։ 12Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։
Բոոսը և իր սերունդը
13Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։ 14Եվ կանայք Նոեմիին ասացին. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։ 15Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։ 16Եվ Նոեմին իր գիրկն առավ մանկանը և եղավ նրա դայակը։ 17Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։
18Եվ Փարեսի սերունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին, 19Եսրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, 20Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, 21Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին, 22Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։

Currently Selected:

ՀՌՈՒԹ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy