YouVersion Logo
Search Icon

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1
Եղկանան և իր ընտանիքը Սելովում
1Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։ 2Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։ 3Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։ 4Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին, 5իսկ Աննային երևելի#1.5 Կամ կրկնակի։ բաժին տվեց, որովհետև սիրում էր Աննային, սակայն Տերը փակել էր նրա արգանդը։ 6Բայց նրա նախանձորդը՝ Փենանան, վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։ 7Եղկանան այդպես էր անում ամեն տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան նույնպես վշտացնում էր նրան, և Աննան լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։ 8Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։
Աննա և Հեղի
9Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ). 10և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։ 11Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։ 12Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջ առաջ, Հեղին նայում էր նրա բերանին։ 13Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։ 14Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։ 15Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։ 16Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։ 17Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։ 18Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։
Սամուելի ծնունդը և ընծայումը
19Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։ 20Աննան հղիացավ, և երբ օրը հասավ, մի տղա ծնեց և նրա անունը դրեց Սամուել՝#1.20 Այսինքն՝ Աստծու լսածը։ ասելով. «Տիրոջից խնդրեցի նրան»։ 21Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։ 22Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։ 23Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։
24Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։ 25Եվ զվարակը մորթեցին, և տղային տարան Հեղիի մոտ։ 26Եվ Աննան ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ, ահա կենդանի է քո անձը. ես այն կինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ՝ Տիրոջն աղոթելու համար։ 27Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։ 28Հիմա էլ ես Տիրոջն եմ տալիս նրան, և թող իր ողջ կյանքում նա փոխ տրված լինի Տիրոջը»։ Եվ նա այնտեղ երկրպագեց Տիրոջը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy