Հռոմեացիներին 8
8
Ազատագրում Հոգու միջոցով
1Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ 2Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ 3Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, 4որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ 5Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ 6Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ 7Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ 8Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ 9Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ 10Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ 11Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
12Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. 13որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ 14Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ 15Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ 16Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ 17Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։
Սուրբ Հոգու խոստումները
18Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ 19Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ 20Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, 21որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ 22Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ 23Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը, 24որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ 25Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։
26Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ 27Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։
28Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ 29Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ 30Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
Աստծու սերը
31Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ 32Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ 33Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ 34Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։ 35Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ 36Ինչպես որ գրված է.
«Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք
և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։
37Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։ 38Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, 39ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Currently Selected:
Հռոմեացիներին 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018