YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 6

6
Յոթ կնիքների խորհուրդը
1Տեսա, որ Գառն այն յոթ կնիքներից մեկը բացեց, և լսեցի, որ այն չորս կենդանիներից մեկը որոտի պես ձայնով ասում էր. «Արի՛»։ 2Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։
3Երբ երկրորդ կնիքը բացեց, երկրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ 4Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։
5Երբ երրորդ կնիքը բացեց, երրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի սև ձի, և նրա վրա նստողն իր ձեռքին կշեռք ուներ։ 6Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դինարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դինարի. ձեթին ու գինուն վնաս չտաս»։
7Երբ չորրորդ կնիքը բացեց, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ 8Եվ ահա տեսա մի դեղնականաչ ձի, որի հեծյալի անունը Մահ էր, իսկ նրա հետևից գնում էր Դժոխքը։ Նրանց իշխանություն տրվեց աշխարհի մեկ քառորդի վրա սրով, սովով, մահով ու երկրի գազաններով կոտորած անելու։
9Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։ 10Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։ 11Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես սպանվելու են։
12Տեսա՝ երբ վեցերորդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։ 13Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։ 14Երկինքը գալարվող մագաղաթի փաթույթի պես քաշվեց, և բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։ 15Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։ 16Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից, 17որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է դիմանալ»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in