Հայտնություն 5
5
Կնքված գիրքը և գառը
1Գահի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա, որ ներսից ու դրսից գրված էր և յոթ կնիքով կնքված։ 2Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և նրա կնիքները քանդելու». 3ոչ ոք՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար այդ գիրքը բացել և ոչ էլ նրա մեջ նայել։ 4Ես ուժգին լալիս էի, որովհետև չգտնվեց արժանի մեկը, որ գիրքը բանա և նույնիսկ նրա մեջ նայի։ 5Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։
6Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար, որ յոթ եղջյուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծու յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։ 7Նա եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։ 8Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։ 9Եվ նոր երգ էին երգում ու ասում.
«Արժանի ես այդ գիրքը վերցնելու
և դրա կնիքները բացելու,
որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար
բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։
10Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր,
և կթագավորեն երկրի վրա»։
11Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։ 12Նրանք բարձրաձայն ասում էին.
«Մորթված Գառն արժանի է ընդունելու
զորություն, հարստություն, իմաստություն, ուժ,
պատիվ, փառք և օրհնություն»։
13Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին.
«Գահի վրա նստողին ու Գառանը լինի
օրհնություն, փառք ու իշխանություն
հավիտյանս հավիտենից»։
14Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ քսանչորս երեցներն ընկան ու երկրպագություն արեցին։
Currently Selected:
Հայտնություն 5: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018