YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 2

2
Պատգամ Եփեսոսի եկեղեցուն
1«Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում նա, ով յոթ աստղերն ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե ճրագակալների միջև. 2"Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։ 3Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։ 4Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։ 5Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալն իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ 6Բայց սա ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որ ես էլ եմ ատում։ 7Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է"»։
Պատգամ Զմյուռնիայի եկեղեցուն
8«Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ. 9"Գիտեմ քո նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանց, ովքեր իրենց կոչում են հրեա, բայց այլ բան չեն, քան սատանայի ժողովարան։ 10Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ 11Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի"»։
Պատգամ Պերգամոնի եկեղեցուն
12«Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում նա, որ սրած երկսայրի սուր ունի. 13"Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։ 14Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։ 15Նույն կերպ էլ դու պահում ես նիկոլայականների վարդապետությանը հետևողներին։ 16Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։ 17Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքար#2.17 Ընտրաքար կամ քվեաքար. հնում քվեարկության կամ ընտրության ժամանակ թեկնածուի անունը գրում էին սպիտակ փոքր քարի վրա։ և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից"»։
Պատգամ Թիատիրայի եկեղեցուն
18«Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում Աստծու Որդին, որն ունի կրակի բոցի պես աչքեր և շիկացած պղնձի նման ոտքեր. 19"Գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու ծառայությունը, քո համբերությունը, որ քո վերջին գործերն ավելի են, քան առաջինները։ 20Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն "մարգարեուհի" է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։ 21Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ 22Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։ 23Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ հոգիներն ու սրտերը քննողը։ Եվ յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։ 24Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիատիրայում եք և այս վարդապետությանը չեք հետևում և, ինչպես ասում են, չեք ճանաչում սատանայի գաղտնի մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնի, 25այլ ինչ ունեք, պահե՛ք, մինչև որ ես գամ։ 26Հաղթողին ու իմ գործերը մինչև վերջ պահողին ազգերի վրա իշխանություն պիտի տամ։ 27#2.27 Որոշ ձեռ. այս համարը չունեն։ Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով և կփշրի նրանց բրուտի ամանի պես, 28ինչպես ես իշխանություն ստացա իմ Հորից, նրան կտամ նաև առավոտյան աստղը։ 29Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in