YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 63

63
Փափագ Աստծու հանդեպ
Դավթի սաղմոս, երբ նա Հուդայի անապատում էր։
1Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։
2Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ,
3Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
4Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
5Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։
6Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։
7Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։
8Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։
9Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը.
10Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։
11Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in