YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 32

32
Խոստովանություն և թողություն
Դավթի սաղմոսներից։ Իմաստության երգ։
1Երանի՜ նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց։
2Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, և նենգություն չկա նրա հոգու մեջ։
3Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,
4Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։
5Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։
6Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։
7Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։
8«Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։
9Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։
10Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։
11Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy