ՍԱՂՄՈՍՆԵՐ 18
18
Դավթի հաղթության երգը
Երգողների գլխավորին։ Տիրոջ ծառա Դավթի սաղմոս, որն այս երգի խոսքերն ասաց այն օրը, երբ Տերը նրան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից, և ասաց.
1Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։
2Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։
3Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։
4Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։
5Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։
6Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։
7Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։
8Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։
9Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղ կար նրա ոտքերի տակ։
10Նա հեծավ քերովբեի վրա ու թռավ և սլացավ քամու թևերի վրա։
11Նա խավարը ծածկույթ դրեց իր վրա. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան նրա չորս կողմով։
12Նրա առջև փայլող լույսից նրա ամպերն անցան, դարձան կարկուտ և կրակի կայծակներ։
13Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։
14Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։
15Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։
16Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։
17Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։
18Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։
19Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։
20Տերն ինձ հետ վարվեց իմ արդարության համեմատ և հատուցում է ինձ իմ ձեռքերի մաքրության համեմատ,
21Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։
22Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։
23Ես անբիծ եմ նրա առաջ և զգուշանում եմ իմ անօրենությունից,
24Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության համեմատ, որ նրա աչքի առաջ է։
25Հավատարիմի հետ հավատարիմ ես և անբիծ ես անբիծի հետ։
26Մաքուրի հետ մաքուր ես և խոտորի հետ՝ խոտոր,
27Որովհետև դու ազատում ես աղքատ ժողովրդին և խոնարհեցնում ես ամբարտավան աչքերը։
28Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը,
29Որովհետև քեզնով արշավում եմ զորքի վրա և իմ Աստծով անցնում պարսպի վրայից։
30Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել,
31Որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի.
32Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը,
33Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։
34Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։
35Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։
36Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։
37Ես կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և հետ չեմ դառնա, մինչև որ չոչնչանան։
38Ես գետնին կզարկեմ նրանց այնպես, որ չկարողանան վեր կենալ. նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։
39Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։
40Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։
41Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։
42Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ, նրանց դուրս կթափեմ, ինչպես փողոցի ցեխը։
43Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։
44Հենց միայն ականջով լսելով՝ հնազանդվեցին ինձ. օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ։
45Օտարների որդիները թուլացան և սարսափած դուրս եկան իրենց ապաստարաններից։
46Կենդանի է Տերը. օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։
47Այն Աստվածը, որ իմ վրեժն է առնում և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին,
48Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։
49Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։
50Նա իր թագավորին մեծ հաղթանակներ է տալիս և մեծ ողորմություն ցույց տվեց իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին՝ մինչև հավիտյան։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018