YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139

139
Աստծու կատարյալ գիտությունը և հոգածությունը
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։
2Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։
3Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները,
4Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։
5Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։
6Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։
7Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։
8Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։
9Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,
10Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։
11Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։
12Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։
13Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։
14Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։
15Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։
16Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։
17Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։
18Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։
19Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։
20Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում են քո անվամբ։
21Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։
22Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։
23Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.
24Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in